2018-01-15 09:21:00

Հարցազրոյց` «Գթութեան Մայր» կեդրոնի ղեկավար` Իրինա Աղաճանեանի հետ


Հայ ժողովուրդի քրիստոնէացումէն ետք բարեգործական ծրագիրներ մշակելու գաղափարի մտայղացումն ու կիրարկումը անվարան կը պարտինք Մեծն Ներսէս հայրապետին: Ան Հայաստան աշխարհի բոլոր ծագերուն հիմնեց` որբանոցներ, անկելանոցներ, ծերանոցներ, հաշմանդամներու եւ անկարողներու կեդրոններ եւ այլ բարեգործական վայրեր: Այս գեղեցիկ սովորութիւնը 4-րդ դարէն ցարդ կը շարունակուի գործել Հայաստանի մէջ եւ այլուր, որուն ամենավառ վկան «Գթութեան մայր» կեդրոնին ծաւալած աշխատանքներն են, որուն մասին առաւել տեղեկութիւն քաղելու նպատակով կը դիմենք հիմնարկի ղեկավար Իրինա Քէշիշեանին:

ՀԱՐՑՈՒՄ.- Դրուատանքի արժանի այս նախաձեռնութեան մասին տեղեկանալէ առաջ, Իրինա՛, մեր ընթերցողներուն կրնա՞ք ծանօթացնել ձեր անձը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ես` Իրինա Աղաճանեան (յետոյ դարձայ Քէշիշեան) 2016 թուականից ղեկավարում եմ «Գթութեան մայր» մշակութային բարեգործական կազմակերպութիւնը, միաժամանակ Արցախի Կաթողիկէ եկեղեցու թեմական խորհրդի անդամ եմ` եկեղեցու ստեղծման օրուանից:

Հ.- Կարելի՞ է ներկայացնել հիմնարկի ստեղծման դրդապատճառները:

Պ.- Արցախեան պատերազմի տարիներին Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) Արցախի տեղական մարմինի նախագահն էի` ատենապետը, եւ իմ հիմնական գործունէութիւնն սկսուեց հէնց այդ ժամանակուանից: ՀՕՄ-ի գլխաւոր ատենապետը` Վանուհի Իսաջանեանը, այցելում էր մեզ եւ նրա հետ միասին շատ ծրագրեր ենք իրականացրել: Ես կապուեցի բարեգործական առաքելութեանը, իսկ յատկապէս Արցախում դրա պահանջարկը մեծանում էր: Յետոյ սկսեցի աշխատել հաշմանդամ երեխաների` որպէս ամենախոցուած խաւի ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների հետ, միաժամանակ անապահով եւ բազմազաւակ ընտանիքների երեխաների հետ:

Բացի այդ, մեր ուշադրութիւնից դուրս չեն մնում նաեւ միայնակ տարեցները, ինչպէս նաեւ` մեր հանրապետութեան տարածքում տեղի ունեցող իրադարձութիւնները, ինչպէս, օրինակ ապրիլեան քառօրեայ պատերազմն էր: Այդ ժամանակ էլ մեր կազմակերպութիւնը աշխուժութիւն ցուցաբերեց` աջակցելով Թալիշ եւ Մատաղիս գիւղերից տեղահանուած բնակչութեանը, մասնաւորապէս տրամադրելով նիւթական օգնութիւն` սննդի եւ հագուստեղէնի տեսքով: Դրանից զատ` ցուցաբերեցինք նաեւ հոգեբանական աջակցութիւն` նրանց հետ յատուկ դասընթացքներ կազմակերպելով, որն իրականացրին մեր կամաւորականները: Իսկ վերջում այդ երեխաների մասնակցութեամբ Ստեփանակերտի զինուորական հիւանդանոցում կազմակերպեցինք համերգ` այնտեղ գտնուող վիրաւոր զինուորների համար:

Հ.- Ինչպիսի՞ աշխատանքներ կը ծաւալէք գոհացնելու սոյն կեդրոնին մէջ պատսպարուած հաշմանդամներուն:

Ցաւօք, մենք հաշմանդամների համար համապատասխան պայմաններ չունենք եւ չենք կարող նրանց ընդունել մեզ մօտ: Բայց այդ բացը մենք լրացնում ենք մեր մշտական այցելութիւններով` նրանց ընտանիքներ: Մեր գլխաւոր նպատակը հաշմանդամ երեխաների համար կենտրոն ստեղծելն է, որտեղ նրանք կը կարողանան հաւաքուել, հետաքրքիր ժամանակ անցկացնել: Ներկայումս այն տեղը, որտեղ կազմակերպում ենք հաւաքներն ու միջոցառումները, խոնաւ է ու անյարմար (մենք վարձակալում ենք այդ նկուղային տարածքը): Իմ կարծիքով, հիմնական կենտրոն ունենալու դէպքում կը կարողանանք այդ խաւի երեխաների առօրեան կազմակերպել հետաքրքիր, զուարճալի միջոցառումներ կ՛անցկացնենք, կը կարողանանք նրանցից իւրաքանչիւրի մօտ ինչ-որ բան բացայայտել եւ զարգացնել եղած ունակութիւնները:

Հ.- Որո՞նք են սոյն կեդրոնին մատակարարողները, այսինքն` ներդրողները:

Պ.- Մենք միանուագ նիւթական օժանդակութիւն ենք ստանում` մեր դիմում-խնդրանքներին ի պատասխան: Հիմնական ներդրողներն են` քոյր Արուսեակը` «Տիրամայր Հայաստանի» կազմակերպութեան մայրապետը, «Հայկական «քարիթաս»-ը եւ Արցախի մի քանի անհատ ձեռներէցներ, որոնք աջակցում են մեր կողմից կազմակերպուող միջոցառումներին: Բայց յանուն ճշմարտութեան` պէտք է ասեմ, որ դա շատ քիչ է լիարժէք գործունէութիւն ծաւալելու համար:

Հ.- Սոյն բարեսիրական կեդրոնը ինչպիսի՞ օժանդակութեան կարիքը ունի, որպէսզի առաւել ծաղկի:

Պ.- Խնդիրներ շատ կան: Մենք կարիք ունենք նիւթական օժանդակութեան, այդ թւում նաեւ` համակարգիչներ, կահոյք ձեռք բերելու եւ կենտրոնի գործունէութիւնն ընդարձակելու եւ զարգացնելու համար:

Հ.- Եւ վերջապէս, ապագայի նկատմամբ ի՞նչ հեռանկարներ ուրուագծած էք:

Պ.- Առաջիկայ ծրագրերի մասին. ներկայումս ունենք մշակուած ծրագիր` մէկ տարուայ` 2018-2019 թուականների համար: Այն իրականացնելու համար կազմուած է հաստիքացուցակը, եւ փորձում ենք գտնել հովանաւորներ:

Ձգտում ենք մեր նուազ հնարաւորութիւններով ինչ-որ կերպ օգնել, լոյս տալ մեր հաշմանդամ, անմեղ երեխաների կեանքին: Թէ որքանո՛վ է յաջողւում` չեմ կարող ասել, բայց ելնելով ծնողների երախտիքի խօսքերից` յամենեան դէպս ինչ-որ բան կարողանում ենք անել, ինչ-որ բան մեզ յաջողւում է:

«Արցախպանքի» մեր հաշուեհամարն է 22300201406400:

Շնորհակալութիւն սոյն սպառիչ պատասխաններու համար եւ բարի երթ` ձեր ազգանուէր եւ Աստուածահաճոյ առաքելութեան մէջ:








All the contents on this site are copyrighted ©.